Մեսսիի ուղարկած մարզաշապիկը հասել է աֆղանստանցի փոքրիկ տղային (լուսանկարներ)
Աֆղանստանցի փոքրիկ Մուրթազա Ահմադին, ով վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի` Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը սովորական պոլիէթիլենային տոպրակից պատրաստելու համար, վերջապես մեծ նվեր է ստացել իր սիրած մարզիկի կողմից:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, Մեսսին, տպավորվելով փոքրիկի պատրաստած «շապիկից», որոշել է նրան ուրախացնել ու ուղարկել է իր ստորագրությամբ իսկական մարզաշապիկ:
«Ես շատ եմ սիրում Մեսսիին, իսկ այս շապիկին գրված է, որ նա էլ ինձ է սիրում»,- ուրախությամբ ասել է 5-ամյա փոքրիկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում, երբ տղայի «ինքնաշեն» մարզաշապիկով լուսանկարները տարածվել էին համացանցում, Մեսսին որոշել էր ամեն գնով գտնել նրան ու իսկական օրինակը հանձնել:
Որոշ ժամանակ տևած փնտրտուքների արդյունքում պարզվել է, որ նա ապրում է Աֆղանստանի Ջաղորի շրջանում։













