Մերձմոսկովյան շրջանում սպանել են բժշկական ընկերության՝ ազգությամբ հայ տնօրենին
ՌԴ Մոսկվայի մարզի Օբրազցովո բնակավայրում սպանվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ մեկ այլ քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Московский комсомолец կայքը։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են իրավապահ մարմիններում՝ «Охотничий дворик» սրճարանի մոտ մոսկովյան ժամանակով ժամը 15։40-ին իր Lexus GX մեքենայի մեջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Մեդկոմ» ՍՊԸ-ի 34-ամյա (այլ աղբյուրներով՝ 32-ամյա) տնօրեն Սերգեյ Մկրտչյանի մարմինը։
Աջ ազդրի վնասվածքով հոսպիտալացվել է ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ 34-ամյա Բաղդասարյանը (անունը չի նշվում)։ Դեպքի վայրում իրավապահները գտել են ТТ մակնիշի ատրճանակ։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
«Մեդկոմ» ընկերությունը զբաղվում է բժշկական գործունեությամբ, այդ թվում՝ վարորդական իրավունք ստանալու համար տեղեկանքների տրամադրմամբ։










