Սիրիայում հրադադարի հաստատման ժամկետի տեղափոխման մասին խոսք չի գնում. ՌԴ ԱԳՆ
Սիրիայում հրադադարի հաստատման ժամկետի տեղափոխման մասին խոսք չի գնում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը, հաղորդում է ТАСС-ը։
«Ո՛չ, մարտական գործողությունները պետք է ավարտվեն փետրվարի 27-ի ժամը 00։00-ից»,- ասել է նա՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները հրադադարի սկիզբը մարտի 1-ին տեղափոխելու հնարավորության մասին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել` կապված Մոսկվայի և Վաշինգտոնի կնքած համաձայնության հետ, որով որոշվում է Սիրիայում հրադադար հաստատել փետրվարի 27-ից:
«Մեր բանագնացները մի քանի փուլով փակ խորհրդակցություններ են վարել: Հաջողվել է կարևոր համաձայնություն գրանցել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Իրական հնարավորություն է ստեղծվել վերջ դնելու բազմամյա արյունահեղությանն ու բռնությանը»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ բոլոր հակամարտող կողմերը պետք է հաստատեն իրենց համաձայնությունը մինչ այդ օրը: Հրադադարի ռեժիմից բացառվում են «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումները, և հարվածները նրանց ուղղությամբ շարունակվելու են։










