Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին
Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային մասում գտնվող քուրդ զինյալներին։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թուրքերը Քանդիլ շրջանում հարվածել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին:
Ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական կործանիչները տեղի ժամանակով 17։30-ին սկսել են օդային գործողությունը։ Այն տևել է 2 ժամ և ավարտվել է հաջողությամբ։
Վերջին ամիսներին Թուրքիայի հարավ-արևելքում ակտիվացել են բախումները քուրդ զինյալների և թուրքական ուժային կառույցների միջև։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քրդերի հետ բախման հետևանքով մոտ 300 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել։










