Վաշինգտոնում պտտահողմի նախազգուշացում է հայտարարվել

09:08 • 25.02.16

Վաշինգտոնում չորեքշաբթի երեկոյան պտտահողմի նախազգուշացում է հայտարարվել։ Համաձայն ԱՄՆ-ի Եղանակի ազգային ծառայության հաղորդագրության` ուժեղ փոթորիկը մոտեցել է ամերիկյան մայրաքաղաքին և նրա արվարձաններին։

 

«Պտտահողմի մասին նախազգուշացումը մնում է ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ թեև այժմ քիչ հավանական է, որ պտտահողմն անմիջապես կձևավորվի, սակայն նրա առաջացման դեպքում անհրաժեշտ է գործել արագ և տեղափոխվել անվտանգ վայր, օրինակ` նկուղ կամ առանց պատուհանների սենյակ։

 

Քաղաքում և շրջաններում գործում են նաև զգուշացումներ հնարավոր հեղեղումների և վատ եղանակի վերաբերյալ: Օդերևութաբանների կանխատեսումներով` քամու ուժգնությունը կարող է գերազանցել 100կմ/ժ-ը:

 

Այժմ Վաշինգտոնում հորդառատ անձրև է տեղում։ Երկնքում անդադար փայլում են կայծակները և լսվում ամպրոմի ձայներ, փոխանցում է РИА Новости-ն:

Վաշինգտոնում պտտահողմի նախազգուշացում է հայտարարվել