Նավթային ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի նախագահը պատանդ է իր հոր ժառանգությանը. Reuters

17:30 • 26.02.16

Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանա դուրս բերել իր նավթ արտահանող երկիրը տնտեսական ճգնաժամից, նա ստիպված կլինի վճռականություն ցուցաբերել, որը նկատելի չի եղել հորը հաջորդած պաշտոնավարման 13 տարիների ընթացքում, հաղորդում է Reuters գործակալությունը։

 

Ալիևը դիմակայում է իր նախագահության օրոք ամենամեծ ճգնաժամին, երբ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով ազգային արժույթն արժեզրկվել է մեկ երրորդով, ինչն էլ հանգեցրել է տնտեսական անկման և քաղաքացիական դժգոհությունների։

 

Ինչպես գրում է լրատվամիջոցը, մարդիկ, ովքեր գիտեն Ալիևին, ասում են, թե նա կոմպետենտ կառավարիչ է և ձեռնարկել է կարևոր քայլեր՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Բայց որոշ մեկնաբաններ նշում են, որ երկարաժամկետ լուծումն իրական տնտեսական բարեփոխումն է, որը չի կարող իրականացվել Ալիևի խորհրդականների և նախարարների պատճառով, որոնց նա ժառանգել է իր հորից և որոնցից նա ստիպված է հրաժարվել։

 

Լրատվամիջոցը գրում է, որ Ալիևն իր կյանքի մեծ մասն անց է կացրել իր հոր ստվերի ներքո, ով աղքատ մարդուց դարձել է Խորհրդային միությունում բարձրաստիճան պաշտոնյա: Իր իշխանության վերջին տարիներին Հեյդար Ալիևը գործարքներ է կնքել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BP-ը և Statoil-ը՝ Կասպից ծովի շրջակայքում նավթ արդյունահանելու համար։

 

Մեծավմասամբ այդ գործարքների և հետագայում նավթի արտահանումից ստացած եկամուտներն են ապահովել Ադրբեջանի արագ տնտեսական աճը, այդ պատճառով ներկայիս տնտեսական անկումը ցնցում է երկրի համար, գրում է Reuters-ը։

 

Մինչ տնտեսական աճի արդյունքում երկրում երկնաքերեր և շքեղ բնակարանային համալիրներ ու հյուրանոցներ էին կառուցվում, երկրի բնակչության մեծ մասը շարունակում էր աղքատության մեջ ապրել, գրում է կայքը։

 

Վերջին ամիսներին ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և մահակներ օգտագործել փողոցային ցույցերը ցրելու համար, եզրափակում է լրատվամիջոցը։

 

Նավթային ճգնաժամի պայմաններում Ադրբեջանի նախագահը պատանդ է իր հոր ժառանգությանը. Reuters