Դամասկոսը պատրաստ է վերսկսել բանակցություններն ընդդիմության հետ. ՌԴ-ում Սիրիայի դեսպան
Դամասկոսը պատրաստ է ընդդիմության հետ բանակցությունները վերսկսել մարտի 7-ից։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հստակ ամսաթիվը, սակայն, նշելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան։ Այդ մասին հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը։
«Ամսաթիվը կնշի ՄԱԿ-ի հատուկ բանագնացը, սակայն սիրիական կառավարությունը պատրաստ է դրան»,-ասել է նա։
Սիրիայի դեսպանը նաև հայտարարել է, որ կառավարական բանակն ամբողջովին պատրաստ է հրադադարին և իր գործողությունները համաձայնեցնելու է ՌԴ ներկայացուցիչների հետ։
«Սիրիական բանակը պատրաստ է հրադադարին։ Պետք է միայն Դամասկոսի հրամանը՝ մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Մենք մեր գործողությունները համակարգում ենք ՌԴ-ի ներկայացուցիչների հետ։ Հարցն այն է, թե դրան կենթարկվի՞ արդյոք ընդդիմությունը»,-ասել է դեսպանը։










