Հունաստանը թույլ չի տվել երկիր մուտք գործել Ավստրիայի ՆԳ նախարարին
Հունաստանը բացասական պատասխան է տվել Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լյայտների՝ Աթենք այցելելու և միգրացիոն ճգնաժամը քննարկելու խնդրանքին։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Հունաստանում դիվանագիտական աղբյուրը։
Վիեննայում Հունաստանի դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելուց հետո երկրի ներքին գործերի նախարար Միքլ-Լյայտները մտադրություն է հայտնել այցելել Հունաստանի մայրաքաղաք և բացատրել Ավստրիայի կոշտ դիրքորոշումը փախստականների հարցում։
«Հունական կողմը հասկացնել է տվել, որ այցը չի կարող կայանալ այնքան ժամանակ, մինչև չվերացվեն Հունաստանի դեմ ձեռնարկված միջոցները»,- ասել է աղբյուրը:
Նախօրեին Հունաստանի արտգործնախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին՝ Հունաստանի նկատմամբ Ավստրիայում ոչ բարեկամական քայլերի առնչությամբ:
«Դեսպանն Աթենք է կանչվել խորհրդակցությունների համար՝ Հունաստանի ու Ավստրիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու նպատակով»,- հայտնել է ԱԳՆ-ն:
Հունաստանի ԱԳՆ-ն փետրվարի 23-ին բողոք է հայտնել Ավստրիային՝ Վիեննայում փախստականների հարցով Ավստրիայի և Արևմտյան Բալկանների ներքին և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպված համաժողովի առնչությամբ, որին չեն հրավիրվել Հունաստանի ներկայացուցիչները:










