ԻՊ-ի զինյալներն առաջին անգամ Աֆղանստանում վայր են դրել զենքերը

09:07 • 26.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասը զինյալներ առաջին անգամ կամավոր թողել են զենքերն Աֆղանստանի Նանգարհար նահանգում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել են Աֆղանստանի լրատվամիջոցները՝ տեղական վարչակազմին հղումով։

 

«Առաջին անգամ ԻՊ-ի 10 զինյալներ, ներառյալ՝ երկու հրամանատար, իրենց զենքերը թողել են ու ներքաշվել Աֆղանստանի կառավարության անցկացրած իրավիճակի խաղաղ կարգավորման գործում»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը։

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Թալիբան» շարժման զինյալները, հաճախ դժգոհ մնալով իրենց հրամանատարներից, համալրում են ԻՊ-ի շարքերը, չնայած երկու խմբերի մրցակցությանը։

 

Իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին զգալիորեն վատացել է։ «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որն ավելի վաղ զգալի տարածքներ էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակումներ է սկսել խոշոր քաղաքներում։

 

Երկրի տարածքում ավելացել է նաև «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ազդեցությունը։

«Թալիբանն» ու ԻՊ-ը մրցակից խմբավորումներ են համարվում։

ԻՊ-ի զինյալներն առաջին անգամ Աֆղանստանում վայր են դրել զենքերը