ՌԴ պետդուման հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Բորիս Նեմցովի հիշատակը
ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հրաժարվել են մեկ րոպե լռությամբ հարգել 2015 թվականի փետրվարի 27-ին սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, մեկ րոպե լռությամբ գործչին հարգելու առաջարկն արել էր պատգամավոր Դմիտրի Գուդկովը։
«Դա քաղաքականության հարց չէ, դա Պետդումայում աշխատած մարդու նկատմամբ էթիկայի ու մարդկային վերաբերմունքի հարց է։ Նա եղել է խմբակցության ղեկավար, առաջին փոխվարչապետ, նահանգապետ, պատգամավոր»,-ասել է Գուդկովը։
Սակայն Պետդումայի ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, թե առաջարկը հակասում է ավելի վաղ ընդունված պայմանավորվածություններին։
Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե մարդկանց հիշատակը հարգում են միայն այն դեպքում, երբ երկրի նախագահը սուգ է հայտարարում։ Ժիրինովսկու խոսքով՝ կան շատ լավ մարդիկ ու դժբախտ դեպքեր, որոնց մասին հիշելու ցանկություն է առաջանում, սակայն Պետդուման որևէ հատուկ միջոցառում չի անցկացնում։










