Դատարանը չեղարկել է պոլսահայ գրող Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը
Ազատազրկված պոլսահայ լրագրող, գրող Սևան Նիշանյանին մենախուց տեղափոխելու որոշումը թուրքական դատարանը չեղարկել է։
Նիշանյանին մի քանի դեպքի առնչությամբ կարգապահական տույժերի ենթարկելու մասին գործերի քննությունը շարունակվելու է մարտի 3-ին։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, նրան մեղադրում են «բանտում ինտերնետ ապահովող սարք մտցնելու», «կաշառք առաջարկելու», «ոչ պատշաճ ճանապարհով նամակ ուղարկելու» համար։
Դատավարությանը Նիշանյանը մասնակցել է տեսակապի միջոցով և հայտարարել է, որ չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։
Նիշանյանն ազատազրկվել էր Իզմիրի Շիրինջի գյուղում իրեն պատկանող հողատարածքում ապօրինի շինություններ կառուցելու համար։ Այդ մեղադրանքով նա 11 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել։










