Սիրիայում հրադադարի պայմաններին համաձայնել է 97 ընդդիմադիր խմբավորում
Սիրիական ընդդիմության՝ բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մոտ 100 խմբավորումներ, այդ թվում՝ «Սիրիայի ազատ բանակի» կազմում գործողները, համաձայնել են ընդունել Սիրիայում երկու շաբաթ տևողությամբ հրադադարը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Կազմակերպությունը նշել է, որ «Սիրիական ազատ բանակի» կազմում ներառված խմբավորումներն ու զինյալ ընդդիմությունն աջակցում են ժամանակավոր հրադադարին, որը մեկնարկելու է փետրվարի 27-ից և տևելու է 2 շաբաթ։
«Այդ համաձայնությունը ձեռք է բերվել 97 ընդդիմադիր խմբավորումների հետ անցկացված բանակցությունների արդյունքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսն ու սիրիական ընդդիմության բազմաթիվ խմբավորումներ արդեն աջակցել են Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնությանը։
Երկուշաբթի հրապարակվել էր Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարցով համատեղ հայտարարությունը, համաձայն որի հրադադարը երկրում հաստատվելու է փետրվարի 27-ից, սակայն չի տարածվելու «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական համարվող այլ խմբավորումների վրա։










