ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում հրադադարին աջակցելու մասին բանաձևը
Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման ռուս-ամերիկյան համատեղ բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտնել է ԱԽ-ի նախագահող, ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը։
Բանաձևը պահանջում է, որ Սիրիայում մարտական գործողությունները դադարեցվեն փետրվարի 27-ի կեսգիշերից։
Երկու էջից բաղկացած փաստաթղթում նշվում է, որ սիրիական բանակն ու ընդդիմադիր խմբավորումները ՌԴ-ին ու ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրենք «ընդունում ու աջակցում են մարտական գործողությունները դադարեցնելու ռեժիմն ու այժմ դրա մասնակիցներն են»։
Փաստաթղթով նաև պահանջվում է, որ հակամարտող կողմերն ապահովեն մարդասիրական օգնության մուտքը Սիրիայի ողջ տարածքում օգնության կարիք ունեցող մարդկանց։
«Մենք ստացել ենք բանաձևի նախագիծը, որն աջակցում է Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Ռամիրեսը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ժամանակ է պետք փաստաթուղթն ուսումնասիրելու համար, սակայն իրենք հույս ունեն հնարավորինս արագ ընդունել այն։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան այսօր նախատեսված նիստի ընթացքում զեկուցելու է հակամարտության կարգավորման ջանքերի մասին։
«Դե Միստուրան կբնութագրի ողջ քաղաքական գործընթացը։ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու հակամարտության կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։ Դրանից հետո պետք է վերսկսվի բանակցային գործընթացը։ Դրանով կզբաղվի դե Միստուրան, և մենք աջակցում ենք դրան»,-ասել է Ռամիրեսը։










