1915-ին հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի. Բունդեսթագի փոխնախագահ

11:28 • 27.02.16


Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ:

 

Կողմերը կարևորել են երկուստեք քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունը և շփումներն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում` բարձրաստիճան փոխայցերի, երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաև տարբեր հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

 

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա:

 

ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել արցախյան հիմնահարցին կրոնական երանգ հաղորդելու ադրբեջանական կողմի փորձերը: Էդելգարդ Բուլմանը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ` կարևորելով ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը:

 

Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի: Էդելգարդ Բուլմանը նշել է, որ նախօրեին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի շուրջ քննարկումները դրական ազդակ էին Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գերմանացի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարելու Հայաստան:



 

1915-ին հայ ժողովրդի հետ կատարվածը ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի. Բունդեսթագի փոխնախագահ