Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը

10:51 • 27.02.16

Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև, հայտնում է РИА Новости-ն:

 

Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

 

Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։

 

Հիշեցնենք, որ Սիրիական ընդդիմության` բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովն ուրբաթ հայտարարել էր, որ փետրվարի 27-ից հրադադար սահմանելուն համաձայնություն տված ընդդիմադիր խմբավորումների թիվը գերազանցել է 100-ը։