Կանխատեսելի էր, որ Սիրիայում ամեն կերպ հրադադարը խախտելու կամ գործընթացն արգելակելու փորձեր լինելու են. արաբագետ

23:00 • 28.02.16

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սիրիայում շաբաթ առավոտյան հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, ասաց, թե իրականում ոչ ոք չէր բացառում, որ հրադադարի նման խախտումներ լինելու են:

«Սակայն, ի տարբերություն նախկին խախտումների, դրանք մասշտաբային չեն»,-ասաց արաբագետը՝ հավելելով. «Փաստն այն է, որ որոշ բնակավայրերում, նույնիսկ խոշոր քաղաքներում տարբեր խմբավորումների կողմից եղել են հրադադարի խախտումներ»:

Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը հայտնել են, որ նախագահ Բաշար ալ- Ասադի զորքերը շաբաթ առավոտյան ժամը 04:00-ին խախտել են հրադադարի ռեժիմը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում՝ սպանելով 3 զինյալի:  

Արաբագետն ասաց, թե մյուս կողմից պետք է ուշադրություն դարձնել խնդրի քարոզչական կողմին, քանի որ հասկանալով հակամարտության բնույթը, էությունը, դրանում ներգրավված կողմերի բազմաշերտ շահերը և այլն՝ կանխատեսելի էր, որ ամեն կերպ հրադադարը խախտելու կամ գործընթացն արգելակելու փորձեր լինելու են տարբեր խմբավորումների, տարբեր ուժերի կողմից:

«Այդ իսկ պատճառով նաև նախաձեռնող կողմերը`հանձին Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների, շատ քաջ գիտակցում էին նման երևույթների հնարավորությունը: Սա ընդհանուր հրադադարի ռեժիմի վրա դեռևս լուրջ ազդեցություն գործել չի կարող, քանի որ նման տեղային բախումները հաշվի էին առնվել գործընթացի երաշխավոր գերտերությունների կողմից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

 

Կանխատեսելի էր, որ Սիրիայում ամեն կերպ հրադադարը խախտելու կամ գործընթացն արգելակելու փորձեր լինելու են. արաբագետ