Գեղամասար գյուղում համադասարանցի 2 տղաները տանջամահ են արել տարեց կնոջը

13:09 • 28.02.16

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում երկու համադասարանցիները՝  Դավիթ Կամոյի Ղարագյոզյանը և  Վահե Հերոսի  Գևորգյանը, տանջամահ անելու միջոցով սպանել են նույն գյուղի բնակիչ 73-ամյա Շուշանին: Երկու կասկածյալներն արդեն ձերբակալվել են և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Իսկ սպանության գործիք հանդիսացող պարանը, երեկ իրականացված փորձաքննության ժամանակ հանել են գյուղի խանութի քարի տակից և հանձնել իրավապահներին:
 

Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց գյուղապետ Գարեգին Բեկյանը: Պատասխանելով հարցին, թե ինչ ընտանիքից են տղաները, գյուղապետը ներկայացրեց`« գյուղի մասշտաբներով` սովորական ապրող ընտանիքներից են»:

Կնոջ դին հայտնաբերվել էր փետրվարի 23-ին իր տան մոտ և ըստ նախնական վարկածի` նա   մահացել էր  տանիքից վայր ընկնելու հետևանքով, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով` պարզվել էր, որ նա խեղդամահ է արվել:

Նախնական տեղեկություններով` Շուշանը  պատանիներին իր տուն է կանչել  ալեհավաքի մալուխը վերանորոգելու նպատակով, սակայն նրանք չեն կարողացել վերանորոգել այն:

Տարեց կինը , ըստ գյուղապետի,  բնակվել է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դստեր հետ, այլ հարազատներ գյուղում չէր ունեցել, իսկ Մոսկվայում բնակվող հարազատներից, քույրն է կնոջ հուղարկավորության օրը ժամանել Հայաստան:

Երեկ  գյուղապետարանի միջոցներով տեղի է ունեցել կնոջ հուղարկավորությունը: 

Գեղամասար գյուղում համադասարանցի 2 տղաները տանջամահ են արել տարեց կնոջը