Անօդաչուները պաշտպանելու են Ավստրալիան շնաձկներից
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի լողափը հսկելու են անօդաչու սարքերը, որոնք կարող են հայտնաբերել շնաձկներին, հաղորդում է The Sydney Morning Herald-ը։
Այդ մասին հայտարարել է նահանգի վարչապետ Մայք Բերդը: 250 հազար ավստրալական դոլար (մոտ 165 հազար ամերիկյան դոլար) արժողությամբ անօդաչու թռչող սարքերն իրենց վրա ունենալու են փրկության համար անհրաժեշտ իրեր, այդ թվում՝ փչովի նավակներ և ազդանշանային լույսեր։
Vapor 55 անօդաչու սարքերը, որոնք Ավստրալիայում ստացել են Little Ripper անվանումը, ավելի «ճկուն» են ճանաչվել, քան ուղղաթիռները, և կարող են մեկ ժամ թռիչք կատարել լիցքավորումից հետո:
Սարքի տեսախցիկը նախատեսվում է օգտագործել շնաձկների հայտնաբերման համար, որի համար արդեն մշակվում է հատուկ ծրագրային ապահովում։










