Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Վարուֆակիսը Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության խորհրդականն է դարձել
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության խորհրդական է նշանակվել։ Այդ մասին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտնել է Inslington Tribune լոնդոնյան թերթում հրապարակված հարցազրույցում։
«Վարուֆակիսը մեզ հետաքրքիր է նրանով, որ անցել է Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բոլոր բանակցությունների միջով»,- հայտնել է բրիտանական ընդդիմության առաջնորդը՝ հիշեցնելով Հունաստանի ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ նրա շփումների մասին, որոնք վերաբերում էին Աթենքի պարտքին։
Այդ առնչությամբ Քորբինը սարսափելի է անվանել վարկատուների վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ և հայտարարել է, որ իր կուսակցությունը պետք է «օգնության ձեռք» մեկնի այդ երկրին։










