Ֆրանսիայում մասամբ ապամոնտաժվել է «Ջունգլիներ» փախստականների ճամբարը. հազարավոր մարդիկ անօթևան են մնացել (լուսանկարներ)
Ֆրանսիայի իշխանություններն ապամոնտաժել են Կալե քաղաքում գտնվող «Ջունգլիներ» անվանումով հայտնի փախստականների ճամբարի մի մասը, որտեղ բնակվում էին հազարավոր մարդիկ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, իշխանությունները նշել են, որ ճամբարի քանդման համար իրենք ունեն համապատասխան դատական որոշում, իսկ բնակիչների ընդդիմանալու դեպքում` սպառնացել են ուժ կիրառել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, «Ջունգլիներում» ապրում էր 3.455 մարդ, որից այժմ մնացել է միայն 1.000-ը: Ճամբարի ապամոնտաժման հետևանքով անօթևան մնացած փախստականները ժամանակավոր ապաստարան են գտել ծովով բեռների փոխադրման համար նախատեսված հսկայական կոնտեյներներում:
Հայտնի է, որ Ֆրանսիայի իշխանությունները մինչև երեքշաբթի ժամանակ են տվել ճամբարում մնացածներին` տարածքում խփված վրանները լքելու համար: «Ջունգլիների» այդ հատվածը ևս ենթակա է ապամոնտաժման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի բրիտանացի դերասան Ջուդ Լոուն այցելել էր այս ճամբար ու կոչ արել Ֆրանիսայի իշխանություններին չքանդել ճամբարն ու հուսալքության չմատնել առանց այդ էլ տուժած փախստականներին:























