Լավրովն ու Քերին ընդգծել են Սիրիայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ռազմական գծով համակարգման կարևորությունը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում գնահատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի իրագործումն ու հաստատել են, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ռազմական համակարգումը կարևոր նշանակություն ունի։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։
«Զրուցակիցները գնահատականներ են փոխանակել Սիրիայի տարածքում մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի իրագործման վերաբերյալ և հաստատել են, որ որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահներ՝ ռազմական հարցերում սերտ համակարգումը շատ կարևոր է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 27-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև։
Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին անցած երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։










