Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂ քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. Է. Նալբանդյան
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը։
Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պարոն Նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միևնույն ժամանակ և մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված են:
Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ սպառնալիքների առջև: Մենք բախվում ենք ատելության, այլատյացության և ռասայական խտրականության աճի, բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ լրջորեն վտանգված է մարդու կյանքի իրավունքը, քանզի պատերազմները և զանգվածային բռնությունները շարունակում են հազարավոր անմեղ մարդկային կյանքեր խլել ամբողջ աշխարհում:
Հայաստանը դատապարտում է իր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում, «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսությունները, մարդկության դեմ հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների գոյության համար, այդ թվում` հայերի, ովքեր դարեր շարունակ եղել են Մերձավոր Արևելքի մշակութային բազմազանության բաղադրիչը:
Հակամարտության հետևանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում. մեր երկիրը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք ողջունում ենք սիրիացի փախստականներին ընդունելու ուղիների շուրջ համընդհանուր պատասխանատվությունը կիսելու վերաբերյալ բարձր մակարդակով հանդիպում գումարելու նախաձեռնությունը, որը տեղի կունենա մարտ ամսվա վերջին Ժնևում:
Իր գոյության տասը տարիների ընթացքում Մարդու իրավունքների խորհուրդն առանցքային դեր է խաղացել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Միջազգային հանրությունում առկա է ամրապնդվող միակարծություն, որ կանխարգելումը կլինի արդյունավետ, եթե այն ուղեկցվի անպատժելիության, իրագործված ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարով:
Հայաստանը շարունակաբար աշխատում է ցեղասպանության կանխարգելման հայեցակարգի համալրման վրա և պարբերաբար Մարդու իրավունքների խորհրդին է ներկայացնում համապատասխան բանաձևեր:
Նախորդ տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն պետություններին, որոնք մեզ հետ միասին համահեղինակեցին բանաձևը և աջակցեցին նրա ընդունմանը: Ի շարունակություն այդ նախաձեռնության՝ Հայաստանը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ներկայացրեց բանաձև` դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին:
Այս տարի լրանում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակը: Զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը դիտարկում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը՝ որպես այդ կազմակերպության նպատակ:
Այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ: Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված: Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:
Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը:
Պարոն նախագահ,
Ցանկանում եմ մի քանի խոսքով անդրադառնալ Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին:
Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խթանմանը՝ շարունակելով համապատասխան միջազգային կառույցների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Մենք ակտիվորեն աշխատում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր մեխանիզմների հետ, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերը և պայմանագրային մարմինները:
Նախորդ դեկտեմբերին Հայաստանում անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում հավանության են արժանացել ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որոնք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»: Դա հերթական կարևոր քայլն էր նաև վերը հիշատակված նպատակների իրականացման ուղղությամբ:
2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը: Նախորդ տարվա նոյեմբերին կայացել է կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը, որի ընթացքում քննարկվել է Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում արված առաջարկությունների իրականացման գործընթացը: Հայաստանի կառավարությունը ներկայացնելու է արձանագրված առաջընթացի վերաբերյալ: ՀՊԴ-ից և ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում և նպաստելու օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը:
Շնորհակալություն»:










