ՄԱԿ-ը Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել քաղաքների շրջափակումը
ՄԱԿ-ը սիրիական հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել բոլոր քաղաքների շրջափակումն ու չխոչընդոտել մարդասիրական օգնության մուտքը կարիքավոր բնակչությանը։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լերկեն։
Նա հայտնել է, որ առաջիկա 5 օրերին շրջափակված բնակավայրերում մոտ 154 հազար մարդու օգնություն հասցնելու ծրագիր են իրականացնելու։
«ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ վերացնել Սիրիայի բոլոր քաղաքների շրջափակումը, որոնցում բնակվում է ավելի քան 500 հազար մարդ»,-նշել է Լերկեն։
Հակամարտող կողմերին կոչ է արվել նաև «առանց նախապայմանների ու խոչընդոտների հասանելիություն ապահովել 4.6 մլն մարդկանց համար»։
Ինչպես ընդգծել է վարչության ներկայացուցիչը, «հակամարտության կողմերի համաձայնությանը» սպասող ՄԱԿ-ը պատրաստ է 2016 թվականի առաջին կիսամյակում մարդասիրական օգնություն հասցնել դժվարհասանելի շրջաններում գտնվող 1.7 մլն մարդու։










