Վատիկանի գանձապահը ցուցմունք է տվել մանկապղծության գործով
Ավստրալացի կարդինալ Ջորջ Պելը, ով Վատիկանում պատասխանատու է ֆինանսների համար, ցուցմունք է տվել կաթոլիկ հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետաքննությունն իրականացվում է Ավստրալիայում հատուկ հանձնաժողովի կողմից։ Իրեն՝ կարդինալին, սեռական բռնության մեջ չեն մեղադրում։ Հանձնաժողովին հետաքրքրում է մեկ այլ հոգևորական, ում հետ Պելն աշխատել է 1970-ականներին ավստրալական Բալարատ քաղաքում։
Կարդինալին թույլ են տվել ցուցմունք տալ տեսակապով, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան Վատիկանից ժամանել Ավստրալիա: Հաղորդվում է, որ ցուցմունքներ տալը կտևի երեք օր: Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ առաջին խոսակցության ընթացքում Պելն ասել է, որ չի պաշտպանելու նրանց, ովքեր դրան արժանի չեն։
Հետաքննությունը կապված է հոգևորական Ջերալդ Ռիսդեյլի հասցեին հնչած մեղադրանքների հետ: Նա 1993-ից 2013 թվականներին պատիժ է կրել անչափահասների նկատմամբ հանցագործությունների համար: Քննության վարկածով՝ Ռիսդեյլը ներգրավված է 1960-ականներից մինչև 1980-ական թվականները 130 տղայի նկատմամբ սեռական բռնության գործում։ 1970-ականների սկզբին Պելն ապրել է Ռիսդեյլի հետ մի տանը: Հանձնաժողովը կարծում է, որ նա կարող էր իմանալ վերջինիս հանցագործությունների մասին, ինչպես նաև տեղյակ լինել այլ հոգևոր ծառայողների կողմից նմանատիպ գործողությունների մասին: Ինքը՝ Պելը, դա կտրականապես հերքում է։










