2008թ. մարտի 1-ի դեպքերից անցել է 8 տարի. սպանություններից որևէ մեկը բացահայտված չէ

10:26 • 01.03.16

Այսօր լրանում է 2008թ-ի մարտի 1-ի տասը զոհերի 8-րդ տարելիցը, սակայն սպանություններից և որևէ մեկը դեռևս բացահայտված չէ: Ութ տարի առաջ՝ փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19-ին ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Փետրվարի վերջին օրերին արդեն Ազատության հրապարակում տեղադրված էին վրաններ՝ Հայաստանի աշխարհագրական տեղանքների անուններով:
 

Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք հայտնաբերելու նպատակով ներխուժեցին հրապարակ և ուժով ցրեցին խաղաղ ցուցարարներին:


Ազատության հրապարակից ցրված ժողովուրդը, որոնց մեջ շատ էին ծեծվածներն ու վնասվածքներ ստացածները, ժամեր անց հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։

 

Օրվա երկրորդ կեսին արդեն սադրանքները սկսվել էին, ոստիկանությունն ու զորքերը կանգնած էին մի կողմում, ցուցարարները՝ մյուս: Ապա եղավ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը՝ արտակարգ դրություն մտցնելու մասին:

 

Մարտի 2-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նախորդ օրը Երևանի կենտրոնում զոհվել են՝ Դավիթ Պետրոսյանը, Գրիգոր Գևորգյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը:

2008թ. մարտի 1-ի դեպքերից անցել է 8 տարի. սպանություններից որևէ մեկը բացահայտված չէ