Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Մարտի 1»-ին նվիրված հավաքը, որը շարունակվեց երթով
Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Մարտի 1-ի» հավաք-երթը դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան, որտեղ 8 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ արյունալի իրադարձությունների հիմնական մասը: Հավաք-երթի կազմակերպիչներն էին` «Նոր Հայաստան»-ը, «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը» և «Հայ ազգային կոնգրեսը»։
Ինչպես հաղորդել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հանրահավաք չի լինելու, քանի որ հաշվի են առել մարտի 1-ի զոհերի հարազատների ցանկությունը և չեն ցանկացել մարտի 1-ի հանրահավաքն օգտագործել քաղաքական ծրագրով հանդես գալու համար:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո, երբ ՀՀ 10 քաղաքացի զոհվեց, իսկ տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, Հայաստանում արդեն 8-րդ տարին մարտի մեկին անցկացվում են հիշատակի միջոցառումներ:
20.21
Մարտի 1-ից հետո մեր ժողովուրդը հայտնվեց այն հոգեվիճակում, ինչ 1915-ին. Հմայակ Հովհաննիսյան
Այս մասին Մյասնիկյանի արձանի մոտ սկսված հիշատակի հանրահավաքին հայտարարեց «Հայաստանի քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանը:
«Այսօր խոսքեր շռայլելու օր չէ, այն օրն է, որը մենք պետք է իմաստավորենք մեր միահամուռ վերաբերմունքով: Մենք այդ օրը հայտնվեցինք այն հոգեվիճակում, որում մեր ժողովուրդը հայտնվեց Մեծ եղեռնից հետո: Դա եղեռնագործություն էր այն, ինչ կատարվեց մարտի մեկին»,-հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այս հանցագործությունն իր նախադեպը չունի, երբ մայրաքաղաքի կենտրոնում սառնասրտորեն գնդակահարվեցին մեր համաքաղաքացիները։
20.16
Մարտի 2-ը բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել. հիշատակի հանրահավաք` Մյասնիկյանի արձանի մոտ
Մյասնիկյանի արձանի մոտ, ուր մարտիմեկյան զոհերի հիշատակին դրված ծաղիկների սար է գոյացել, սկսվեց հիշատակի հանրահավաք:
«Նոր Հայաստանից» Գարեգին Չուգասզյանը հայտարարեց. «Մարտի 2-ը բերելու մեր երազները ժամկետանց չեն կարող լինել: Խորը շունչ քաշենք ու նորից ի գործ»:
«Մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել ոչ դրա իրագործողները, ոչ կազմակերպիչները»,- իր հերթին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով համարում է, որ նորանկախ Հայաստանը իր պատմության ընթացքում 2 ճակատագրական, որոշիչ տարեթիվ է ունեցել` «Հոկտեմբերի 27» և «Մարտի 1»:
Նա հավաք-երթի կազմակերպիչների անունից պահանջեց վերանայել այսօր քաղաքական համոզմունքների համար կալանավայրերում գտնվող քաղաքացիների գործերը:
Ապարանցի ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն էլ հայտարարեց. ««Մարտի 1» -ը որպես խարան է մնալու է յուրաքանչյուրիս սրտի վրա, որովհետև իր չբացահայտվելով` մենք ամեն վայրկյան կանգնած ենք նման վտանգի առաջ»:
Ազատամարտիկը նշեց, որ առանց իշխանության առնվազն իմացության, չէր կարող «Մարտի 1» լինել և հայտարարում է, որ քանի դեռ իշխանությունը չի փոխվել, այս հանցագործությունը չի բացահայտվի:
Նա նշեց, որ եթե քաղաքական ուժերն իրենց «վայրիվերումներով» իրենց շահերն հետապնդելով` ինչ-ինչ խաղերի մեջ են մտնում, ապա ազատամարտիկները դրա իրավունքը չունեն:
19.40
Միջազգային հանրությունը պետք է դուրս գա «Մարտի 1-»-ի և կեղծ ընտրությունների մեղսագործությունից. Ր. Հովհաննիսյան
«Մարտի 1»-ի պարտակման համար մեղքի իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը, և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր բաց նամակ է հանձնել ԵՄ նոր գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին:
«Եվ պետք է իրավատերը դառնալ ոչ միայն «Մարտի 1»-ին, այլև մարտի 2-ին և ամեն Աստծո օր, և նաև միջազգային հանրությունը դուրս գա իր սեփական մեղսագործությունը և այլևս թույլ չտա, որ կեղծ, սուտ կոռուպցիոն գոյավիճակ շարունակվի այսօր Հայաստանում։ Դիմել եմ տիկին Մոգերինիին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ձեռքին այսօր սպիտակ և կարմիր մեխակներ են:
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է ներքին պայքարը տանի ժողովրդավարական, իրավական Հայաստան ունենալու համար:
Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը այսօր չեղավ Երևանի Մյասնիկյան պողոտայում, որտեղ առավոտից բազմամարդ էր, դրանով իսկ խոստովանո՞ւմ է իր մեղավորությունը «Մարտի 1»-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հանցագործ իշխանությունների վարքը չեմ կարող մեկնաբանել: Միգուցե այնտեղ կար ինքնախոստովանություն կամ ինքնավստահության բարդույթ, բայց այն, որ «Մարտի 1-ի» մեղավորները և բազմաթիվ ընտրությունների կեղծման, դրանք իշխանության մեջ են, կրում են կոնկրետ անուններ»:
Քանի դեռ այս իշխանությունն է, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այս պարտակումը կշարունակվի:
18.48
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Ազատության հրապարակից հայտարարեց, որ «Նոր Հայաստանը», ՀԺԿ-ն ու ՀԱԿ-ը պայմանավորվել են, որ այսօր հանրահավաք չի լինելու, կլինի միայն հավաք-երթ:
«Այսօր պայմանավորվել ենք, բացման խոսք կլինի, հայտարարություն կլինի, այս ամենը համաձայնեցվել է նաև զոհերի ծնողների հետ: Այսօր կլինի միայն երթ, Մաշտոցի պողոտայով դեպի Մյասնիկյանի արձան, և միջոցառումը դրանով կավարտվի»,-ասաց նա:
Այնուհետև հրապարակում ընթերցվեց հայտարարության տեքստը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի և ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ:
Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար:
Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետևողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջև: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում և դատական ատյաններում խնդրի արծարծումը:
Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական
բռնաճնշումների և ահաբեկչության ծավալման համար: 2008թ.-ից մինչ օրս գրեթե չի եղել մի ժամանակահատված, երբ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Դրա ցայտուն դրսևորումն է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը: Հայաստանում պետք է բացառվի քաղաքական հայացքների համար մարդուն դատապարտելու կամ հալածելու երևույթը: Հանրահավաքի անունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին:
Մարտի 1-ի ոճրագործությունն առաջին հերթին հետևանք է Հայաստանում իշխանությունը յուրացրած բռնապետական ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ ժողովրդի կամարտահայտությունն անտեսելու և այդ կեղծիքի դեմ ելնող ժողովրդի խաղաղ ցույցերը ուժի անօրինական գործադրմամբ ճնշելու: Ոստիկանական ուժի զանգվածային ներգրավման ու դրա կիրառման սպառնալիքի և համակարգված ընտրախախտումների ու բռնությունների միջոցով 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծումը, ինչպես նաև կեղծարարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն և յուրացնել իշխանությունը:
Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` սահմանադրականության և օրինականության շրջանակներում ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը և օրինակարգ իշխանության ձևավորումը»:
Ութ տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Մենք սատարում ենք ժողովրդի կողմից արդեն իսկ նշվող այդ օրը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության նախաձեռնությանը:
Հայտարարությունը ստորագրել են «Հայ ազգային կոնգրես»-ը, Հայաստանի ժողովրդական կուսակցություն, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը. հայտարարությանը միացել են նաև «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը «Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
18.19
«Մարտի 1»-ը սգո օր չեմ համարում. Նիկոլ Փաշինյան
Սայաթ-Նովա փողոցից «Քաղաքացիական պայմանագրի» անդամները երթով գնում են դեպի Ազատության հրապարակ՝ միանալու ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից կազմակերպված հավաք-երթին:
«Հայաստանում սահմանադրորեն հռչակված դրույթները չեն դարձել իրողություն: Եթե մենք կարդանք 2008 թվականին գործող սահմանադրության տեքստը, ապա պետք է համոզվենք, որ նման բան չպետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետությունում: Բայց այն, ինչը որ տեղի է ունեցել, արդեն վկայում է, որ մենք խնդիր ունենք սահմանադրական հռչակումներն իրականություն դարձնելու հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ըստ էության հայտնի է և՛ կատարողների, և՛ հրաման տվողների շրջանակը, և ըստ էության, չբացահայտումները չպետք է տեղի ունենային:
«Չբացահայտման միակ պատճառը քաղաքական կամքի բացահայտումն է,-ասաց Նիկոլ Փաշինյանը,–«Մարտի 1»-ի ամենամեծ խորհուրդն այն է, որ մենք այդ օրը տեսանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անմնացորդ պատրաստ է պայքարել իր իրավունքների և ազատությունների համար: «Մարտի 1»-ը սգո օր չէ, ես այսօր էլ «Մարտի 1»-ը սգի օր չեմ համարում: Իհարկե՛, մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին, բայց այդ օրվա ամենամեծ խորհուրդն այն է, որ ՀՀ քաղաքացին հայտարարեց, որ իր ազատության, իր երջանկության, օրինականության համար պատրաստ է վճռական պայքարի»:










