Չինաստանը պատրաստվում է 5-6 մլն աշխատատեղ կրճատել. Reuters
Չինաստանի իշխանությունները պատրաստվում են առաջիկա 2-3 տարում աշխատանքից հեռացնել «զոմբի-ձեռնարկությունների» մոտ 5-6 միլիոն պետական աշխատակցի՝ ավելցուկային արտադրական հզորությունների կրճատմանն ուղղված ջանքերի շրջանակում: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել են երկրի ղեկավարությանը մոտ երկու աղբյուր։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ առաջարկի ավելցուկ ունեցող արդյունաբերության ոլորտներում 5 մլն աշխատողի հեռացնելու կառավարության պլանը կդառնա մոտ երկու տասնամյակի ընթացքում կրճատումների ամենահամարձակ պետական ծրագիրը։
1998-2003 թվականներին պետական ձեռնարկությունների վերակազմավորումը հանգեցրել է 28 միլիոն աշխատակցի հեռացման և կենտրոնական իշխանություններին արժեցել մոտ 73,1 միլիարդ յուան (11,2 միլիարդ դոլար), որոնք տրամադրվել են գործազուրկ աշխատակիցներին աշխատանքի տեղավորելու համար:
Կառավարությանը մոտ երկրորդ աղբյուրը հեռացման ենթակա աշխատակիցների թիվը 6 մլն է գնահատել։
Երկու աղբյուրներն էլ խոսել են անանունության պայմաններով, քանի որ նրանք լիազորված չեն եղել հրապարակայնորեն քննարկել զգայուն քաղաքական հարցեր՝ հանրային դժգոհության առաջացման վտանգի պատճառով:










