Թուրքական Քուրդիստանում զոհերի թիվը կարող է հասնել 5 հազարի. Մոսկվայում Քուրդիստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ
Մոսկվայում Քուրդիստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սելահաթին Սորոն կարծում է, որ թուրքական Քուրդիստանում հատուկ գործողության ընթացքում զոհերի թիվը կարող է արդեն հասնել 5 հազարի, հաղորդում է РИА Новости-ն:
Թուրքական իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ են հայտարարել երկրի հարավ-արևելքում քրդերով բնակեցված մի շարք շրջաններում, որտեղ փողոցային բախումներ էին տեղի ունեցել ուժայինների և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների միջև:
Հայտնի է դարձել նաև, որ թուրքական Շըրնաք շրջանում երեքշաբթի օրը վերացվել է շուրջօրյա պարետային ժամը Ջիզրե քաղաքում և կրճատվել է դրա տևողությունը Սիլոփ քաղաքում, որտեղ մոտ երկու ամիս անցկացվում էր հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ:
Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական գործողության շրջաններում սպանվել է ավելի քան 1.000 քուրդ գրոհային: «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ գործողության ընթացքում մահացել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
«Մեր տվյալներով՝ մոտ 5 հազար մարդ է մահացել, եթե հաշվել բոլորին՝ և՛ խաղաղ բնակիչներին, և՛ քուրդ ապստամբներին, և՛ ոստիկաններին, և՛ զինվորներին: Ողջ Թուրքիայում 400 անգամ հարձակումների են ենթարկվել «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության գրասենյակները»,- հայտարարել է նա РИА Новости-ին:
Քուրդիստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչը ոչ հստակ է համարում զոհերի մասին պաշտոնական տվյալները:
«Ես կարծում եմ, որ թվերը նվազեցված են: Միայն Ջիզրե քաղաքից մի քանի անգամ հաղորդագրություններ են ստացվել մահացած հարյուրավոր քուրդ ակտիվիստների մասին: Իրականում հստակ թվեր չկան՝ թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս հավաքել այդ տվյալները, և ոչ մեկի հետ չեն կիսվում իրենց ունեցած տեղեկություններով»,- ասել է նա:










