Սիրիայում հումանիտար օգնություն հասցնելու հարցը բարելավվում է. Լավրով

17:25 • 01.03.16

Սիրիայում շրջափակված բնակավայրերում կարիքավորներին հումանիտար օգնություն հասցնելու հարցում վերջին շրջանում ակնհայտ առաջընթաց կա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի ընթացքում։

 

«Սիրիայում հումանիտար իրավիճակի թեթևացումը ՄԱԿ-ի գլխավոր առաջնահերթություններից է, և վերջին շրջանում կարիքավորներին օգնություն հասցնելու հարցում առաջընթացն ու շրջափակված շրջանների հասանելիության ընդլայնումն ակնհայտ է»,-ասել է Լավրովը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա խոսքով՝ «հումանիտար մարտահրավերները լուծելն ու պատերազմի հետևանքով ավերված երկիրը վերականգնելը հնարավոր է միայն կայուն հրադադարի ապահովման և ապագա Սիրիայի մասին համասիրիական բանակցություններ սկսելու դեպքում»։ Սիրիայի ապագան պետք է որոշեն հենց սիրիացիները՝ առանց արտաքին միջամտության։

 

«Այդ նպատակն է հետապնդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը, որն ընդունվել է Սիրիայի հարցով աջակցության խմբի ու դրա համանախագահներ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցությամբ, ինչպես այդ մասին պայմանավորվել էին նախագահներ Պուտինն ու Օբաման»,-ասել է Լավրովը։
 

Սիրիայում հումանիտար օգնություն հասցնելու հարցը բարելավվում է. Լավրով