Մեքսիկայի իշխանությունները հազարավոր ուսուցիչների են հեռացնում աշխատանքից
Մեքսիկայի մոտ 3.400 ուսուցիչներ, ովքեր չեն մասնակցել պարտադիր ատեստավորմանը, կհեռացվեն աշխատանքից, հայտնել է երկրի կրթության նախարար Աուրելիո Նունյոն:
Նրա խոսքով՝ կրթության ոլորտի 134.000 աշխատակիցների ևս 15.3%-ը չեն կարողացել անցնել ատեստավորումը` ներկայացնելով անբավարար արդյունքներ: Ի տարբերություն աշխատանքից հեռացվածների` այդ ուսուցիչներին ևս մի հնարավորություն կտրվի անցնել փորձությունն այս տարվա ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:
Ընդհանուր, թեստերը «բավարար» են հանձնել ուսուցիչների 36.2%-ը, «լավ»` 40.5%-ը, և միայն 8%-ն են ստացել «գերազանց» գնահատական:
Մեքսիկայի ուսուցիչները և նրանց արհմիությունները վերջին տարիներին հզոր ուժ են դարձել. նրանք մասնակցում են տարբեր հակակառավարական ակցիաների։ Ուսուցիչները, իսկ նրանց թվում գրեթե կեսը տղամարդիկ են, մեկ անգամ չէ, որ գրավել են իշխանության մարմինների շենքերը, դուրս են եկել բազմահազարանոց երթերի և նույնիսկ արգելափակել են երկրի օդանավակայանի աշխատանքը:
Նրանց բողոքի ցույցերի գլխավոր նպատակը հենց կրթական ոլորտի բարեփոխումն է եղել։










