Ռուսական դաշնային հեռուստաալիքները չեն լուսաբանել երեխայի աղմկահարույց սպանությունը. Պեսկովն աջակցել է այդ որոշմանը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սատարում է ռուսական դաշնային հեռուստաընկերությունների որոշումը՝ նորությունների թողարկումներում չպատմել Մոսկվայում դայակի կողմից 4-ամյա աղջնակի դաժան սպանության մասին։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե իշխանությունները հեռուստաընկերություններին խորհուրդ են տվել չպատմել աղմկահարույց դեպքի մասին, Պեսկովն ասել է. «Այդպես չէ։ Այդ հեռուստաընկերությունները ցույց չեն տվել խելագարներին։ Եվ մենք նրանց աջակցում ենք»։
РБК-ի տվյալներով՝ ռուսական Առաջին ալիքի, «России-1»-ի, НТВ-ի և ТВЦ-ի եթերում այդ հանցագործության մասին որևէ հիշատակում չի եղել։ Рен-ТВ հեռուստաընկերությունը տեղի ունեցածի մասին պատմել է միայն 12:30-ի թողարկման մեջ։
Տարբեր հեռուստաընկերությունների երկու աշխատակիցներ հայտնել են, որ խոշոր հեռարձակողներին խորհուրդ են տվել երեխայի սպանության մասին նյութը ցույց չտալ եթերում։
Հիշեցնենք, որ ազգությամբ ուզբեկ դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովան գլխատել է 4-ամյա Նաստյային, ինչից հետո վառելիք է լցրել տնով մեկ ու հրկիզել այն: Այնուհետ հիջաբ հագած կինը, երեխայի գլուխը ձեռքին, ուղևորվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ նրան է մոտեցել մի ոստիկան` պահանջելով ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` կինը պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն:
Դայակը հարցաքննության ժամանակ ասել է, որ նման քայլի է դիմել ամուսնու դավաճանության պատճառով: Սակայն թե ինչ կապ ունի իր ամուսնու դավաճանությունը փոքրիկի ընտանիքի հետ, կինը չի կարողացել բացատրել:










