Քիչ հավանական է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի, բայց ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի. Ս. Օհանյան
ԼՂ հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում . ԳԱԱ-ում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների և գիտնականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով գիտնականներից մեկի հարցին, թե որքանով է պատերազմի վերսկսումը:
«Այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիմքում ընկած է քաղաքական խաղաղ երկխոսության միջոցով հարցի լուծումը գտնելը, որի հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման աշխատանքը և փոխադարձ համաձայնությունները: Այս աշխատանքի արդյունքում, սակայն, ցավոք, հանդիպում ենք մի վիճակի, երբ մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասով վստահության մեխանիզմներ ձևավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ տարբեր տիպի ոտնձգություններից, չխախտել հրադադարի կնքված պայմանագիրը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականացնել, դեռ ավելին խախտումների ժամանակ միջազգային հետախուզության միջոցով աշխատանքները մերժում է»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ սա խոսում է այն մասին, որ հակառակորդը հետևողական լարում է իրավիճակը՝ առաջին հերթին քաղաքական նպատակներ ունենալով իր երկրի ներսում, ինչպես նաև միջազգային ասպարեզում միակողմանի առավելություն ունենալու համար: «Չհասկանալով, որ մենք չենք վախենում, ինչպես և Նախագահն է ասել՝ մենք պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, այսինքն՝ պատրաստ ենք մեր երկիրը և մեր երկրի սուրբ մաս հանդիսացող Արցախը պաշտպանել»,- ասաց նա:
Այս իրականության մեջ, ըստ նախարարի, ՊՆ-ն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Ես այդ պատրաստության գլխավերևում՝ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ու նրա ենթակա կառույցների կողմից տարվող աշխատանքն եմ տեսնում: Բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները չեն խոսում նրա մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսել, որովհետև մենք ամեն ինչ անում ենք ազգային և միջազգային երաշխիքների ձևավորմամբ զսպելու այդ բոլոր նկրտումները, բայց եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- ասաց նա:










