ԱՄՆ Պետդեպն ավարտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հրապարակումը
ԱՄՆ Պետդեպն ավարտել է գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի` իր գործընկերների և աշխատակիցների հետ ունեցած էլեկտրոնային նամակագրությունների հրապարակումը, որոնք ուղարկվում և ստացվում էին նրա անձնական փոստային արկղին։ Բաց հասանելիությամբ տեղադրվել է նամակագրության 3800 էջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին պարզաբանել է, որ այդ հրապարակումը դարձել է 14-րդը: Նրա խոսքով՝ տվյալ նամակներից ոչ մեկը չունի գաղտնիության մակագրություն։
Այսկերպ Պետդեպը կատարել է ամերիկյան դատարանի որոշումը` ավարտելով իր նախկին ղեկավարի նամակագրության հրապարակումը։ Փաստաթղթերի յուրաքանչյուր չափաբաժին ենթարկվում է մանրակրկիտ զննման լրագրողների և Քլինթոնի քաղաքական ընդդիմադիրների` հանրապետականների կողմից:
Նախկին առաջին տիկնոջ էլեկտրոնային նամակների շուրջ սկանդալն առաջացել է նախորդ տարվա մարտին` ամերիկյան պետհաստատությունների վրա անդադար կիբեռհարձակումների ֆոնին:










