«Ջեբհաթ ան-Նուսրան» ականակոծել է Հալեպի քրդաբնակ թաղամասերը

16:17 • 02.03.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն այսօր ականանետերից և ծանր զինատեսակներից կրակ են բացել Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ։

 

Ինչպես հաղորդել է ТАСС-ը, ականակոծվել են Հալեպի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ ու Աշրաֆիե շրջանները։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու, վիրավորվել՝ 5 մարդ։

 

Կրակը բացվել է Բանի Զեյդ արվարձանից, որոնք գրավել են «Ախրար աշ-Շամ» խմբավորման ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցները։

 

Firat գործակալության տեղեկություններով՝ փետրվարի 16-28-ին Հալեպի քրդաբնակ շրջանների գնդակոծումից մահացել է 28 խաղաղ բնակիչ, 314-ը վիրավորվել են։

 

Փետրվարի 27-ից Սիրիայում մեկնարկած երկշաբաթյա հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական համարվող այլ խմբավորումների վրա։

«Ջեբհաթ ան-Նուսրան» ականակոծել է Հալեպի քրդաբնակ թաղամասերը