Սիրիայի քրդերն իրենց տարածքում խորհրդարանական ընտրություն չեն անցկացնի

17:22 • 02.03.16

Սիրիական Քուրդիստանն իր տարածքում չի անցկացնելու խորհրդարանական ընտրություններ, որոնք ապրիլի 13-ին նշանակել է Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը։

 

Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Ռուսաստանում քրդերի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը։

 

«Այդ ընտրությունները նշանակվել են առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Համապատասխանաբար՝ դրանք մեզ մոտ չեն անցկացվելու։ Մեր թեկնածուներն էլ, որոնք ներկայացնում են սիրիական Քուրդիստանը, դժվար թե մասնակցեն դրանց»,-ասել է Ռոդի Օսմանը։

 

«Մենք պնդում ենք Սիրիայում ժողովրդավարական համակարգի ստեղծման հարցում, որն իրենից կներկայացներ երկրում բնակվող բոլոր ազգերի՝ արաբների, քրդերի, ասորիների և այլ ազգերի շահերը։ Երբ նման համակարգ մշակվի, իմաստ կունենա դրանց մասնակցելը»,-ասել է սիրիական Քուրդիստանի ներկայացուցիչը։

 

Նրա խոսքով՝ հենց նման նպատակի մշակումն էլ միջազգային հանրության թիրախում է։ «Կան միջազգային բանաձևեր, որոնք նախատեսում են, որ ընտրություններին մասնակցեն Սիրիայի բոլոր քաղաքացիները»,-նշել է նա։

 

Նրա գնահատականներով՝ նշանակված ընտրությունները «ցույց են տալիս, որ ռեժիմը նախկինի պես միայն իրեն է տեսնում սիրիացի ժողովրդի շահերը ներկայացնողի դերում, և մտածում  է, որ միայն իրենք կարևոր դերակատարություն ունեն»։

 

«Օրինակ՝ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ասաց, որ նրանք, ովքեր Սիրիայի համար դաշնային համակարգ են կանխատեսում, պետք է բուժվեն։ Դա ցույց է տալիս նրանց վերաբերմունքը. չէ՞ որ քրդերն ինքնավարության օգտին են հանդես գալիս»,-ասել է Ռոդի Օսմանը։

 

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը հրահանգել էր Սիրիայում ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություն անցկացնել։

Սիրիայի քրդերն իրենց տարածքում խորհրդարանական ընտրություն չեն անցկացնի