Լավրովն ու Քերին դարձյալ քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմը

12:30 • 02.03.16

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում հրադադարին առնչվող իրավիճակը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը, այդ մասին հայտնել են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից։

 

«Ուշադրության կենտրոնում էին ռուս-ամերիկյան նախաձեռնությունների իրականացումը՝ Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան որոշման հիման վրա։ Պաշտոնյաները հաստատել են մեր երկրների միջև համակարգման վճռորոշ կարևորությունը՝ նախ ռազմաճակատում, ապա նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանվի կառավարական ուժերի և ահաբեկիչների հետ կապ չունեցող զինված ընդդիմության միջև»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Կողմերն աջակցել են Ժնևում սիրիական կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերին։

 

Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում։ Համաձայն համատեղ հայտարարության՝ փետրվարի 27-ից մեկնարկած հրադադարը տարածվում է կառավարության ու ընդդիմության վրա և չի ազդում «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ խմբավորումների վրա։

Լավրովն ու Քերին դարձյալ քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանման ռեժիմը