Լրագրողական 3 ՀԿ-ներ Մհեր Սեդրակյանի վարքը քննելու հարցով դիմել են էթիկայի հանձնաժողով

17:03 • 02.03.16

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին հայհոյելու դեպքի առիթով լրագրողական երեք հասարակական կազմակերպություններ դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին Tert.am-ին ասաց լրագրող Փայլակ Ֆահրադյանը: 


Ըստ նրա՝  հանձնաժողով են դիմել «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները:


Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԱԺ-ում լրագրողներին «նախիր» էր անվանել, որից hետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին:


Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ լրագրողներին «նախիր» որակելը դիմումում չեն ընդգրկել՝ հաշվի առնելով, որ այդ փաստը, ըստ էության, տեսանյութերում չկար:


«Դիմումում ներառել ենք միայն հայհոյելու հանգամանքը, քանի որ հայտնի է, որ վիրավորանքի պահը ֆիքսված չէ: Իհարկե, հետո Մհեր Սեդրակյանը հայտարարել է, որ նման արտահայտություն արել է, բայց նշել է, թե պարզապես գործընկերներին անեկդոտ է պատմել և այն լրագրողներին չի վերաբերել»,- ասաց Փայլակ Ֆահրադյանը:


Էթիկայի հանձնաժողովի ԱԺ քարտուղար Լիանա Սիմոնյանը Tert.am-ին ասաց, որ դիմումն այսօր են ստացել և կանոնակարգի համաձայն 10-օրյա ժամկետում այն ուսումնասիրելուց  հետո որոշում կկայացվի՝ դիմումն ընդունվում է վարույթ, թե՝ ոչ:

 

Լրագրողական 3 ՀԿ-ներ Մհեր Սեդրակյանի վարքը քննելու հարցով դիմել են էթիկայի հանձնաժողով