Սիրիայի իշխանությունները թույլ են տվել երեխաների պատվաստում իրականացնել երկրի ամբողջ տարածքում. ՄԱԿ

09:29 • 02.03.16

Սիրիայի կառավարությունը թույլ է տվել ՄԱԿ-ի գործակալություններին և նրանց գործընկերներին երեխաների պատվաստում անցկացնել ամբողջ երկրում: Այս մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, ով իր այցը Սիրիա ավարտել է Հոմս քաղաք այցելությամբ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Դամասկոսում բարձրաստիճան պաշտոնատար անձինք թույլ են տվել մեզ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործընկերների հետ միասին, այդ թվում` Սիրիայի առողջապահության նախարարության, անհապաղ պլանավորել և իրականացնել մանկական հիվանդությունների դեմ պատվաստման համազգային ծրագրեր»,- նշել է Լեյքը:

 

Նրա խոսքով՝ այն անցկացնելու համար կպահանջվի մշտական հասանելիություն դեպի Սիրիայի բոլոր շրջափակված շրջանները և ինչպես կառավարության, այնպես էլ` ընդդիմության աջակցությունը:

 

Պաշտոնյան նշել է, որ հակամարտության 5 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ միասին օգնություն է ցուցաբերել ավելի քան 10 մլն մարդու, հիմնականում` երեխաների: ՄԱԿ-ի գործակալությունը նրանց մաքուր ջուր, սննդամթերք, բուժօգնություն է տրամադրել, ինչպես նաև անցկացրել է կրթական ծրագրեր։


 

Սիրիայի իշխանությունները թույլ են տվել երեխաների պատվաստում իրականացնել երկրի ամբողջ տարածքում. ՄԱԿ