Սիրիայում հրետակոծության ենթարկված արտասահմանցի լրագրողները ժպիտով են հիշում միջադեպը
Արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք երեքշաբթի Սիրիայի հյուսիսում գտնվող Լաթաքիա նահանգում հրետակոծության էին ենթարկվել, ժպիտով են հիշում երեկվա օրը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 33 մարդուց բաղկացած խմբի վրա կրակ էին բացել Թուրքիային սահմանամերձ Քեսաբ բնակավայրում։ Համաձայն տեղեկությունների՝ կրակել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները։
Միջադեպի հետևանքով զոհեր չէին գրանցվել։ Վիրավորվել էր 4 մարդ՝ Ռուսաստանի, Կանադայի, Չինաստանի ու Բուլղարիայի քաղաքացիներ։
«Իհարկե, դա մեծ շոկ էր մեզ համար, անհավանական էր ու անսպասելի։ Քանի որ բոլորը գիտեին, որ վտանգավոր տեղ է, սակայն հույս ունեին, որ հրադադարի ընթացքում ոչինչ տեղի չի ունենա։
Սակայն այդպես չեղավ, և շուտով բոլորը տարհանվեցին։ Լրագրողների շրջանում կորուստներ չեղան։ Ավելի շատ դա ադրենալին էր մեզ համար։ Ամեն ինչ հաջող ավարտ ունեցավ»,-պատմել է դեպքի ականատես, RT-ի թղթակից Բորիս Կուզնեցովը։
Նրա խոսքերին միացել է իտալական Askanews լրատվական գործակալության թղթակից Քրիստինա Ջուլիանոն։ Նա հիշում է, թե ինչպես է հրետակոծության պահին նետվել մոտակա կիսավեր շենքն ու փորձել փրկվել ընկնող արկերից։
«Երբ ամեն ինչ սկսվեց, ես գտնվում էի բավական բաց տարածության մեջ։ Անմիջապես վազեցի դեպի տունը, ապա ընկա հողին ու սկսեցի սողալ դեպի զրահամեքենան»,-պատմել է նա։
«Ինձ թվում է՝ ես բղավում էի խելագարի պես։ Նման բան ինձ հետ երբեք չէր պատահել»,-ծիծաղելով հավելել է նա։










