Թաիլանդում բանակը կպաշտպանի զբոսաշրջիկներին
Թաիլանդում զինվորականները կուժեղացնեն թագավորության հիմնական զբոսաշրջային շրջաններում հասարակական կարգի պահպանության միջոցառումները, հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով խաղաղության և կարգի պահպանության ազգային խորհրդի հայտարարությունը:
Համապատասխան հրամանը տվել է Թաիլանդի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Տիրաչայ Նակվանիչը։
«Գեներալ Նակվանիչը հրահանգ է տվել զինվորականներին սերտ համագործակցել ոստիկանության և տեղի իշխանությունների հետ զբոսաշրջիկների անվտանգությունը երաշխավորելու և առավել հայտնի զբոսաշրջային վայրերում հսկողությունն ուժեղացնելու համար»,- հայտարարել է իշխող ռազմական խորհրդի մամուլի քարտուղար Սիրիչան Նգատհոնգը։
Զինվորականների արձագանքը եղել է վերջերս Թաիլանդի հարավում գտնվող Կուտ կղզում ֆրանսիացի զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադեպի պատասխանը։ Այնտեղ փետրվարի 27-ին հինգ կամբոջացի ձկնորսներ հարձակվել են չորս հանգստացողների՝ երկու տղամարդու և երկու կանանց վրա։
Տղամարդիկ ստացել են վնասվածքներ, իսկ կանանց բռնաբարել են: Միջադեպը լայն հասարակական արձագանք է ստացել Թաիլանդում: Ոստիկանությունը երկու օրվա ընթացքում ձերբակալել է բոլոր հարձակվողներին:
Հայտնի է դարձել նաև, որ Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին, որոնք մտադիր են Թաիլանդ մեկնել, «չափազանց զգույշ լինել քաղաքացիական հնարավոր անկարգությունների և ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, այդ թվում` Բանգկոկում և Փհուքեթ հանգստավայրում»։










