Թրամփը հայտարարել է, թե կմիավորի հանրապետականներին ու կհաղթի Քլինթոնին

09:16 • 02.03.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է «սուպերերեքշաբթի» ԱՄՆ-ի նախագահի առաջնային ընտրություններում հաղթելու մասին ու խոստացել է միավորել կուսակցությանն ու հաղթել դեմոկրատների հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ես միավորող եմ։ Երբ մենք այս փրայմերիզն ավարտենք, ես որս կսկսեմ միայն մի մարդու դեմ՝ Հիլարի Քլինթոնի»,-հայտնել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները։

 

Նրա խոսքով՝ Քլինթոնը ոչինչ չունի առաջարկելու ամերիկացիներին, քանի որ վաղուց է քաղաքականության մեջ։

 

«Եթե նա այսքան տարիների ընթացքում ոչինչ չի մտածել, ապա չի մտածի նաև հաջորդ չորս տարիների ընթացքում»,-ասել է Թրամփը։

 

Նա նաև հայտարարել է, թե ինքն անում է այն, ինչ ճիշտ է։

 

Թրամփը խոստացել է նվազեցնել հարկերը, արգելել ընկերություններին իրենց կենտրոնական գրասենյակները բացել արտերկրում, պայքարել Մեքսիկայից անօրինական ներգաղթի դեմ, հզորացնել բանակը։

 

Թրամփը կրկնել է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին իր պնդումը։

«Մենք արդեն հաղթել ենք 5 խոշոր նահանգներում, և կարծես կարող ենք հաղթել վեցում, յոթում, ութում կամ իննում»,-ասել է նա։

 

Թրամփը շնորհավորել է Թեդ Քրուզին՝ Տեխասում «հրաշալի հաղթանակի համար»։

 

Ամերիկացի միլիարդատերը դարձյալ քննադատել է Հանրապետական կուսակցությունից իր հավանական մրցակից Մարկո Ռուբիոյին։ «Մարկոն ծանր գիշեր է ունեցել։ Նա թեթևքաշային է»,-հայտարարել է Թրամփը՝ խոստանալով հաղթել նաև Ռուբիոյի հարազատ Ֆլորիդա նահանգում։
 

Ներկայում Թրամփը հաղթել է Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի և Վիրջինիա նահանգներում, Թեդ Քրուզը՝ Տեխաս և Օկլահոմա, իսկ Մարկո Ռուբիոն դեռ ոչ մի հաղթանակ չի գրանցել։

 

Թրամփը հայտարարել է, թե կմիավորի հանրապետականներին ու կհաղթի Քլինթոնին