ԵՄ-ն երկարաձգել է Յանուկովիչի և նրա աջակիցների նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա աջակիցների նկատմամբ պատժամիջոցները։ Համապատասխան որոշումը կայացվել է ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստի շրջանակում, գրում է «Forbes Ուկրաինա»-ն:
Հաղորդվում է նաև, որ պատժամիջոցների ցանկից հանվել է առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովայի անունը։
Որոշումը պաշտոնապես կհաստատվի մարտի 4-ին ԵՄ խորհրդի նիստին և մարտի 5-ին կհրապարակվի պաշտոնական ամսագրում, ինչից հետո ուժի մեջ կմտնի։
Ինչպես հայտնի է՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի նախկին 18 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ 2014 թվականի մարտի 6-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատից 15 նախկին պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցներն այսօր Եվրամիությունը կերկարաձգի: Այդ մասին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը` հղում անելով ԵՄ աղբյուրներին։










