Ռուսաստանի ավիացիան հիվանդանոցներ է ոչնչացնում Հալեպի շրջանում. Amnesty International

15:08 • 03.03.16

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ ռուսական և սիրիական կառավարական ավիացիան սիրիական հիվանդանոցներ են ոչնչացնում Հալեպ քաղաքի շրջանում ռազմական գործողությունների ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Amnesty-ի հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունն ապացույցներ ունի առ այն, որ վերջին 12 շաբաթների ընթացքում այդ շրջանում իրականացվել է հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա առնվազն վեց հարձակում:

 

Կազմակերպության տվյալներով՝ այդ օդային հարվածների հետևանքով մահացել է առնվազն երեք քաղաքացիական անձ, ևս 44 մարդ վիրավորվել է: Amnesty-ն հայտարարում է, որ նման հարձակումները կարող են հավասարեցվել պատերազմական հանցագործություններին։

 

Իրավապաշտպանները նաև նշում են, որ հարձակման ենթարկված հիվանդանոցների կողքին չեն եղել ռազմական ավտոմեքենաներ կամ զինվորական ստորաբաժանումներ, և հիվանդանոցներն իրականացրել են բացառապես մարդասիրական առաքելություն:

 

«Անգամ հաշվի առնելով փխրուն հրադադարի ուժի մեջ մտնելը՝ սիրիական կառավարական զորքերը և նրանց դաշնակիցներն ուժեղացրել են բուժհաստատությունների վրա իրենց հարձակումները»,- նշված է հաղորդագրությունում։

 

Ռուսաստանի ավիացիան հիվանդանոցներ է ոչնչացնում Հալեպի շրջանում. Amnesty International