Հայերը ներառվել են ԻՊ-ի կողմից իրականացվող քրիստոնյաների ցեղասպանությունը դատապարտող ամերիկյան օրինագծում

11:06 • 03.03.16

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը, ընդունելով համապատասխան օրինագիծ, Կոնգրեսին մեկ քայլ մոտեցրել է քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հանցագործությունները որպես ցեղասպանություն համարելուն ու դատապարտելուն։ Այդ մասին գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին:

 

«Հայ դատի հանձնախումբը ողջունում է հանձնաժողովի կողմից 75-րդ բանաձևի ընդունումը և կարևոր քայլ է համարում քաղաքական ընտրությունից մինչև բարոյական հրամայական ցեղասպանության վերաբերյալ մեր կառավարության արձագանքը փոխելու ուղղությամբ»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

 

«Մեր դիրքորոշումը ցեղասպանության հարցում պետք է անվերապահ լինի։ Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին և Կոնգրեսին հստակ և միանշանակ խոսել այս թեմայով»,- հավելել է նա։

 

Բանաձևի ընդունումը ճանապարհ է հարթում հարցը Կոնգրեսի կողմից քննարկվելու համար և տեղի է ունենում մարտի 17-ից շաբաթներ առաջ, երբ Օբամայի վարչակազմն ԻՊ-ի կողմից փոքրամասնությունների հանդեպ հանցագործությունների հարցի վերաբերյալ իր պաշտոնական որոշումը պետք է ներկայացնի։

 

Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ այս համայնքների դեմ ԻՊ-ի հանցագործությունները «պատերազմական, մարդկության դեմ հանցագործություն են, ինչպես նաև՝ ցեղասպանություն»։ Բանաձևը նաև կոչ է անում բոլոր երկրների ղեկավարություններին դրանք ճանաչել որպես այդպիսին և համակարգված միջազգային արշավ սկսել՝ բռնությունը դադարեցնելու նպատակով:

 

Հայերը ներառվել են ԻՊ-ի կողմից իրականացվող քրիստոնյաների ցեղասպանությունը դատապարտող ամերիկյան օրինագծում