Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Մեծ Բրիտանիային նախազգուշացրել է ԵՄ-ից դուրս գալու հետևանքների մասին

11:55 • 03.03.16

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը Լոնդոնին զգուշացրել է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու դեպքում բրիտանա-ֆրանսիական հարաբերությունների կտրուկ փոփոխության մասին։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Financial Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ խոսքը Մեծ Բրիտանիայի հետ փախստականների հարցով ձեռք բերված համաձայնության խզման մասին է, ինչպես նաև երկրների միջև առևտրա-տնտեսական կապերում խոչընդոտների ստեղծման։

 

«Նույն օրը, երբ հարաբերությունները խզվեն, ներգաղթյալներն այլևս Կալեում չեն լինի»,-ասել է Մակրոնը թերթին տված հարցազրույցում։

 

Խոսքը 2003 թվականին փախստականների հոսքը նվազեցնելուն ուղղված երկկողմ համաձայնագրի մասին է։

 

Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ երկիրը կտեղափոխի փախստականների ճամբարը, և դա կդառնա «կարմիր գորգով ճանապարհ» դեպի Մեծ Բրիտանիա փախստականների հոսքի համար։

 

Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալով ինքն ակնկալում է նաև Լոնդոնից մի շարք արտասահմանյան ֆինանսական ծառայությունների դուրսբերում։

 

Նախարարի խոսքով՝ ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիային կթուլացնի ռազմական ու տնտեսական առումներով։ «Եվրամիությանն այլընտրանք չի մնում, քան դառնալ իրական ռազմական ու դիվանագիտական ուժ»,-ասել է Մակրոնը։

 

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալու մասին հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։
 

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Մեծ Բրիտանիային նախազգուշացրել է ԵՄ-ից դուրս գալու հետևանքների մասին