Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով

14:35 • 03.03.16

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք.տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։


Մասնավորապես՝ հիշյալ 5 քաղաքացիները նախաքննական մարմնին հայտնել են, որ իրենք 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեին չեն մասնակցել, ոչ իրենց, ոչ էլ որևէ մեկի փոխարեն քվեարկություն չեն կատարել:


Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ նշված 5 անձանց անունների դիմաց առկա ստորագրությունները չեն կատարվել հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ անդամների կողմից, այլ կատարվել են այլ անձանց կողմից:


Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:


Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 3-ի դրությամբ հարուցվել և քննվել են 36 քրեական գործեր, որոնցից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 10 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով