Կյանքից հեռացել է հայտնի խորհրդային դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան
Մարտի 3-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում կյանքից հեռացել է սիրված խորհրդային դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան:
Ինչպես հայտնում է LifeNews-ը, 77-ամյա դերասանուհին հոսպիտալացվել էր փետրվարի 27-ին` սրտի նոպայի պատճառով: Թեև բժիշկներն արել են հնարավորը Կրաչկովսկայայի կյանքը փրկելու համար, այնուհանդերձ` դա նրանց չի հաջողվել: Դերասանուհին գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, բացի այդ, ունեցել է իր ապաքինմանը խոչընդոտող մի շարք այլ հիվանդություններ:
Նշենք, որ Կրաչկովսկայան թատրոնի ու կինոյի դերասանուհի էր, ով արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստուհու կոչման։ Նա ճանաչում է ստացել «12 աթոռ» ֆիլմում մադամ Գրիցացուևայի կերպարը մարմնավորելուց հետո: Կրաչկովսկայայի դերասանական կարիերան տևել է ավելի քան 40 տարի, և այդ ընթացքում նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում:













