Ովքե՞ր են ԱԺ 8-րդ նստաշրջանի ամենաակտիվները, ամենալռակյացները, ամենակողմերը, ամենադեմերը. մոնիտորինգ

14:16 • 03.03.16

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն  ամենաակտիվ պատգամավորն է եղել ԱԺ 8-րդ նստաշրջանում , ամենաշատ բացակայածը` Գագիկ Ծառուկյանը, ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը` ԱԺ «Հանրապետական խմբակցությունը», ամենաշատ դեմ քվեարկածը ` «Ժառանգությունը»,  ամենաշատ ձեռնապահ քվեարկածը` «Դաշնակցություն» ֆրակցիան, ամենաշատ  բացակայածը` «Հայ ազգային կոնգրեսը»:

Տվյալները  «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկմանը ներկայացրեց  «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ նշելով  նախորդ նստաշրջանի արդյունքները՝ բացակայություններ, պատգամավորական ակտիվություն, օրենսդրական գործունեություն և այլն:


«ՀԱԿ-ի բացակայությունները  պայմանավորված են նրանով, որ 2015 դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո ՀԱԿ-ը հայտարարեց նստաշրջանի աշխատանքները բոյկոտելու մասին»,-նշեց Լուսինե Վասիլյանը:


Ըստ նրա` «լուռ»`  լռակյաց  պատգամավորների թիվը /երբ հանդես չեն գալիս ելույթներով/  տարբեր նստաշրջաններում 70 -ի մոտ է:


Այս նստաշրջանում նրանց թիվը եղել է 67, նախորդ նստաշրջանի` 74 –ի փոխարեն:
ՀՀԿ –ի ակտիվ կողմ քվեարկելու թվային վկայությունն այն է, որ  ՀՀԿ խմբակցության  70 պատգամավորները միասին 6500 կողմ քվեարկություն են ունեցել , որից 2-ը դեմ է եղել։
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն  ամենաշատ գրանցված, բայց չքվեարկած խմբակցությունն է՝  ըստ մոնիտորինգի արդյունքների:


Ըստ մոնիտորինգի արդյունքների` այս նստաշրջանում ԱԺ 5 պատգամավոր բացակայել է  քվեարկությունների կեսից ավելիի չափով: Նրանք են՝  Գագիկ Ծառուկյանը, Հայկ խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը և Աշոտ Աղաբաբյանը:


 

Ովքե՞ր են ԱԺ 8-րդ նստաշրջանի ամենաակտիվները, ամենալռակյացները, ամենակողմերը, ամենադեմերը. մոնիտորինգ