Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում. ՌԴ ՊՆ

12:37 • 03.03.16

Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում։ Ռուսաստանը որպես երաշխավոր ու միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի միջև շփում հաստատելու գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Նրա խոսքով՝ հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում, քանի որ մարդիկ սեփական աչքերով տեսնում են խաղաղության հաստատման առավելություններն ու այդ մասին պատմում են միմյանց։

 

«Հարկ է հիշել, որ տեղեկության տարածման հիմնական միջոցը ոչ թե հեռուստատեսությունն ու մամուլն են, այլ միմյանց փոխանցելը, քանի որ մարդիկ վստահում են իրար»,-ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հաշտեցման գործընթացում հանդես է գալիս ոչ միայն որպես երաշխավոր, այլ՝ հարաբերություններ հաստատելու համար միջնորդ, ինչն անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ձևավորման համար։

 

«Շատ կարևոր է այժմ թույլ չտալ այստեղ ահաբեկչական խմբավորումներին, քանի որ բավարար է մի փոքրիկ սադրանք, որպեսզի մարդիկ պարփակվեն»,-ասել է Կոնաշենկովը։

 

Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում։ Համաձայն համատեղ հայտարարության՝ փետրվարի 27-ից մեկնարկած հրադադարը տարածվում է կառավարության ու ընդդիմության վրա և չի ազդում «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ խմբավորումների վրա։


 

Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում. ՌԴ ՊՆ