Թուրքական ընկերությունները կարող են դիմել միջնորդ դատարան «Գազպրոմի» գազի կրճատումների պատճառով
Գազի որոշ թուրքական ներկրողներ կարող են դիմել միջնորդ դատարան Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության կողմից գազի վերջին կրճատումների հետ կապված: Այդ մասին գրում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին:
«Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն հնարավորինս ամենադրական ձևով: Եթե դա հնարավոր չէ, հասցեատերը, որին կներկայացվի խնդիրը, պարզ է, այն է՝ միջազգային միջնորդ դատարանը»,- ասել է ոլորտի ներկայացուցիչը:
«Գազպրոմը» կրճատել է գազի մատակարարումները թուրքական ընկերություններին փետրվարին: Այդ ժամանակ աղբյուրները հայտնել են, որ թուրքական մասնավոր սեկտորը և «Գազպրոմը» բանակցություններ են վարում 10,25 տոկոս զեղչի վերաբերյալ, բայց ռուսական կողմն ավելի ուշ միակողմանիորեն չեղարկել է զեղչը:
«Բանն այն է, եթե Ռուսաստանը Թուրքիայում անի այն, ինչ արել է Լիտվայի կամ Ուկրաինայի շուկաներում, նա կարող է կորցնել թուրքական շուկան»,- հավելել է աղբյուրը:










